Back
Բիզնես

Բիզնես էթիկա

Բիզնեսի էթիկան շատ կարևոր է մեծ փոփոխությունների և սթրեսային իրավիճակներում, ինչպես վերջին օրերին։

16.06.2020
Բիզնես էթիկա

Ի՞նչ է էթիկան: Էթիկա բառը հունարեն ἦθος` էթոս բառից է, որը նշանակում է բնավորություն, սովորություն:
Էթիկան բարոյական սկզբունքների ամբողջությունն է, որոնցով առաջնորդվում է մարդը այս կամ այն իրավիճակում: էթիկան սկսվում է այնտեղ, որտեղ օրենքն ավարտվում է։

Բիզնես կամ կորպորատիվ էթիկան էթիկայի տարատեսակ է, որը վերլուծում է բարոյական սկզբունքներն ու խնդիրները, որոնք ծագում են գործարար միջավայրում:

Բիզնեսի էթիկան ուղղված է սպառողների և ընկերությունների միջև վստահության ապահովմանը։ Այն ներառում է գործատու-աշխատող հարաբերությունները, խտրականությունը, անկողմնակալությունը, ազնիվ և անկաշառ գործնական հարաբերությունները, ինչպես նաև բնապահպանական խնդիրներն ու սոցիալական պատասխանատվությունը։

Բիզնես էթիկայի զարգացումը սկսվեց 1960-ականներին, երբ սպառողի դերը հասարակության մեջ աճում էր։ Բիզնես դպրոցները սկսեցին դասավանդել «Սոցիալական պատասխանատվություն», ինչի արդյունքում բիզնես էթիկան դարձավ բիզնեսի անբաժանել մասը:

Դասական տնտեսագետ Ադամ Սմիթը կարծում էր, որ բիզնեսի միակ նպատակը շահույթի մաքսիմալացումն է, և բիզնես էթիկան ավելորդ է:

Բարեբախտաբար, այսօր բիզնեսները գիտակցում են, որ իրենք իրականում պատասխանատու են ոչ միայն շահույթի, այլև հասարակության սոցիալական բարեկեցության համար, քանի որ ապրում և գործում են դրա շրջանակներում:

Բիզնես էթիկայի հիմնական ուղղություններն են՝

1. Պատասխանատվություն
Պատասխանատու լինել մեր կայացրած կամ չկայացրած որոշումների, ինչպես նաև կատարած կամ չկատարած գործողությունների և դրանց հետևանքների համար։

2. Հարգանք
Բարձր հարգանք ցուցաբերել ինքներս մեզ, մյուսներին և մեզ վստահված ռեսուրսներին՝ մարդիկ, փող, հեղինակություն, ուրիշների անվտանգություն և բնության կամ շրջակա միջավայրի ռեսուրսները: Այստեղ կարևոր է նաև տարբեր տեսակետների նկատմամբ հարգանքը։

3. Արդարություն
Կայացնել որոշումներ և գործել անկողմնակալ և օբյեկտիվ:

4. Ազնվություն
Հասկանալ ճշմարտությունը և գործել ճշմարիտ ինչպես մեր հաղորդակցության, այնպես էլ մեր գործողությունների մեջ:

Անձնական ու բիզնես էթիկան փոխկապակցված են: Անձերն են ստեղծում բիզնես էթիկան, իսկ բիզնեսներն իրենց քայլերով հետագայում օրինակ են ծառայում անձերի վարքագծի համար:

Ներկայումս բոլոր ընկերություններն ունեն էթիկայի կանոններ, որոնք հստակ սահմանում են աշխատակիցների, ղեկավարության և ընկերության վարքագծի կանոնները, օրինակ` ազնվություն, ամբողջականություն, թափանցիկություն, հարգանք, հավատարմություն, հուսալիություն և այլն...

Սակայն, կարևոր է ոչ միայն այդ կանոնները հստակ գրված ունենալը, այլև դրանցով իսկապես առաջնորդվելը` միշտ, ցանկացած իրավիճակում:

Մարդիկ զգում և տեսնում են բարձր էթիկա ունեցող ընկերություններին, ինչն էլ ուժեղացնում է տվյալ բրենդի հեղինակությունը, մոտիվացնում է աշխատակիցներին, բարձրացնում հաճախորդների լոյալությունը, արդյունքում` շահույթը:
Ընդ որում, ինչքան մեծ է բիզնեսը, այնքան մեծ է հասարակության հետաքրքրությունը դրա նկատմամբ, արդյունքում` նաև էթիկայի սահմաններում գործելու անհրաժեշտությունը:

Բիզնես էթիկայի կանոններին չհետևելը կարող է չափազանց թանկ արժենալ ընկերությունների համար` աշխատակիցների վստահության կորուստ, գործընկերների հետ փոխհարաբերություններ վատթարացում, հեղինակության անկում` և այս ամենն ուղեկցված ֆինանսական մեծ կորուստներով:

Ոչ էթիկական վարքագիծը վաղ թե ուշ հայտնի է դառնում` վերածվելով բիզնես սկանդալների, ինչն էլ միանգամից անդրադառնում է ընկերության վրա` կտրուկ նվազեցնելով դրա բաժնետոմսերի արժեքը:

1911թ. Հենրի Ֆորդը` ցանկանալով կրճատել արտադրվող մեքենայի արժեքը 11$-ով, սկսեց թողարկել առանց անվտանգության ապահովման մեքենաներ։ Արդյունքում նա կրեց ավելի քան 250 մլն. դոլարի կորուստ` ընդամենը խախտելով բիզնես էթիկայի կանոնները` հանուն թվացյալ կարճատև շահույթի։

Մի քանի ժամանակակից պատմության օրինակ կարելի է գտնել այստեղ:

Առանց սոցիալական պատասխանատվության ոչ մի բիզնես չի կարող գոյատևել և զարգանալ: Բիզնես էթիկան երկարատև ժամանակում նվազեցնում է ծախսերը, աշխատակիցները և ղեկավարները կարևորում են իրենց՝ տվյալ ընկերության մաս կազմելը, ինչն իր հերթին բարձրացնում է աշխատանքի պրոդուկտիվությունը: Այս ամենը մրցակցային առավելություն է տալիս շուկայում: Այսինքն` բիզնես էթիկայից շահում են և´ ընկերության ֆինանսական ցուցանիշները, և´ հեղինակությունը, և´ հասարակությունը: