Back
Ներդրումներ

Ֆիլմեր ֆինանսական աշխարհի էնտուզիաստների համար Մաս 1

Այս բլոգում մի փոքր շեղվենք ներդրումներից։ Օրինակ՝ ի՞նչ կասեք, եթե այս անգամ խոսենք ֆիլմերի լեզվով։

28.08.2024
Ֆիլմեր ֆինանսական աշխարհի էնտուզիաստների համար Մաս 1

Եթե սիրում եք պատմություններ մեծ գումարների, ֆինանսկան հսկաների ու շուկաների մասին, եթե ձեզ պարզապես հետաքրքրում են ներդրումները, վերցրեք պոպկորն, դուք արդեն գիտեք՝ ինչ կարելի է դիտել այս երեկո:

Wall Street (1987) - 1980-ականներ, Wall Street: Երիտասարդ բրոքեր Բադ Ֆոքսը տարված է ֆինանսական շուկաներով ու պատրաստ է ամենախելահեղ քայլերի՝ իր հաջող մասնագիտական ուղին կերտելու համար: Իր համառությամբ Ֆոքսը հասնում է նրան, որ Գորդոն Գեկկոն՝ ֆինանսական աշխարհի խոշորագույն դեմքերից մեկը, դառնա իր մենթորը ու բացահայտի այս աշխարհն իր ամենահետաքրքիր կողմերով: Սակայն շուտով ներքաշվելով ինսայդերական թրեյդինգի մեջ՝ Ֆոքսը կանգնում է հավատարմության, բարոյականության ու բարեկեցության ընտրության առջև:

Wall Street: Money Never Sleeps (2010) - Հաճախ կարող եք լսել նաև Wall Street 2 անվանման տարբերակը՝ որպես 1987թ.-ին էկրաններ բարձրացած ֆիլմի տրամաբանական շարունակություն: Դեպքերը տեղի են ունենում 2007-2009 թթ. ճգնաժամի նախօրեին: 2001 թվականին Գորդոն Գեկկոն ազատ է արձակվում ինսայդերական թրեյդինգի ու խարդախության համար պատիժը կրելուց հետո: Դուրս գալով երկարատև բանտարկությունից՝ նա փորձում է գտնել իրեն նոր իրականությունում, այն աշխարհում, որը ժամանակին կառավարում էր հենց ինքը: Մինչ 2008 թվականը Գեկկոն զբաղվում է իր գրած գրքի առաջխաղացմամբ՝ նախազգուշացնելով առաջիկա տնտեսական անկման մասին: Կարծես հույս ունենալով վերականգնել հարաբերությունները դստեր հետ՝ Գեկկոն սկսում է շփվել դստեր ընկերոջ՝ Ջեյքի հետ, որը նույնպես ֆինանսական աշխահի էնտուզիաստ է, իդեալիստ բրոքեր: Ֆիլմում Ջեյքը պատկերացում անգամ չուներ, որ բախվել է հին մանիպուլյատորի, որը, հանուն իր նպատակների, կանգ չի առնի ոչ մի բանի առջև:

 

Margin Call (2011) - Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչ է լինում, երբ մի ամբողջ ընկերություն, ոչ թե անհատ, գնում է խիստ ռիսկային գործարքների։ Մարժին քոլն իրադրություն է, երբ գործարքների մի մասը կնքվել են փոխառու միջոցների հաշվին, և գների կտրուկ փոփոխությունը հանգեցնում է հաշվի՝ սեփական միջոցների շեմին մոտենալուն կամ դրանից նվազելուն։ Այս պարագայում ֆինանսական միջնորդը կարող է պահանջել հաշվի համալրում կամ այն կարող է բերել հաշիվների հարկադիր փակման։

Պատմությունը սկսվում է նրանով, որ երիտասարդ ֆինանսական վերլուծաբանը բացահայտում է վտանգ, ինչը կարող է հանգեցնել ներդրումային բանկի փլուզմանը։ Առաջիկա 24 ժամվա ընթացքում ընկերության ղեկավարները բախվում են սարսափելի ընտրության՝ առաջնահերթություն տալ անձնական գոյատևմանը կամ հավատարիմ մնալ իրենց սկզբունքներին: Որոշումների կայացման այս գործընթացը բացահայտում է ֆինանսական աշխարհում գործելու բարոյական մարտահրավերները, խոշոր ֆինանսական կառույցների ղեկավարների առաջ ծառացող բարդություններն ու կայացվող որոշումների պատասխանատվությունը։

 

The Big Short (2015) - Կատակերգական-կենսագրական դրամա, որը հիմնված է իրական փաստերի վրա, դեպքերը կառուցված են 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի շուրջ։ Այս ֆիլմը պատմում է մի քանի ֆինանսական վերլուծաբանների և ներդրողների հետաքրքրաշարժ պատմությունը, որոնք նկատել և կանխատեսել են ԱՄՆ բնակարանային շուկայի փլուզումը և կնքել շահավետ գործարքներ՝ կանխատեսելով շուկայի առաջիկա անկումը:

Ռեժիսոր Ադամ Մաքքեյը վարպետորեն բացատրում է բարդ տնտեսական գործընթացները մատչելի և զվարճալի ձևով: Ֆիլմը երաշխավորում է, որ նույնիսկ նրանք, ովքեր անծանոթ են ֆինանսներին, կարող են ըմբռնել իրավիճակի ծանրությունը: Կրթության և զվարճանքի այս խառնուրդը ֆիլմի առանձնահատկություններից մեկն է: Այն խորանում է ֆինանսական ճգնաժամի տեխնիկական հարցերի մեջ։ The Big Short-ը գրեթե միշտ կա ֆինանսական աշխարհով հետաքրքրվողների պարտադիր դիտման ֆիլմերի շարքում։

 

Arbitrage (2012) - Ֆիլմում միահյուսված են ֆինանսական մեծ աշխարհն ու գլխավոր հերոս Ռոբերտ Միլլերի անձնական ու մասնագիտական կյանքը։ Սա ֆիլմ է բարոյական երկընտրանքների ու էթիկական փոխզիջումների մասին, որոնք հաճախ բախվում են հարստության ու իշխանության ձգտմանը։ Միլլերի կյանքը թվում է նախանձելի՝ հաջող բիզնես, սիրելի ընտանիք, այնուամենայնիվ, հաջողության շղարշի տակ թաքնված է ֆինանսական պրոֆեսիոնալ խարդախ, որն իր գործողություներով վտանգի տակ է դնում նույնիսկ ընտանիքի անդամների ապագան ու ազատությունը։ Ֆիլմում կարևոր հարցեր են բարձրացված բիզնեսի առաջնորդների էթիկական պարտականությունների ու հասարակության վրա նրանց որոշումների ազդեցության մասին։

«Արբիտրաժը» ավելին է, քան պարզապես ֆինանսական թրիլլեր։ Այն նախազգուշական պատմություն է չվերահսկվող փառասիրության վտանգների և բարոյական փոխզիջումների մասին, որոնք հաճախ ուղեկցում են հարստության ձգտմանը: Ֆիլմը պատմություն է էթիկական մարտահրավերների և մարդկային կորուստների մասին, որոնք կապված են մասնագիտական կյանքի հետ ֆինանսների մեծ աշխարհում: Ներդրողների և մասնագետների համար «Արբիտրաժը» ծառայում է որպես համոզիչ հիշեցում ազնվության կարևորության և էթիկական բացթողումների հնարավոր հետևանքների մասին:

 

Dumb Money (2023) - Ասում են՝ փողն է կառավարում աշխարհը, իսկ մեծ փողերը Wall Street-ում են, և եթե այնտեղ՝ վերևում, որոշեցին, որ տեսախաղերի վաճառքով զբաղվող խանութը պետք է գնա սնանկացման, ապա հենց այդպես էլ կլինի: Սակայն մի օր սովորական մարդիկ՝ բլոգերներ, տնային տնտեսուհիներ, փոքր ներդրողներ, պարզապես տեսախաղերի սիրահարներ համախմբվեցին և սոցիալական հարթակների միջոցով հաղթահարեցին այս Wal Street-յան պատը ու ցույց տվեցին, որ հնարավոր է տանել լիիրավ պայքար նաև բիզնեսի հսկաների դեմ: Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա, պատմություն է մեր ժամանակների ամենաքննարկված ֆինանսական իրադարձություններից մեկի մասին:

Երևի արդեն ընտրել եք՝ որ ֆիլմը դիտել առաջինը։ Դե ֆիլմն էլ առանց պոպկորնի՝ կիսատ է։ Ձեր ժամանակը խնայելու համար՝ խորհուրդ կտանք գնել պոպկորն միկրոալիքային վառարանում պատրաստելու համար, թողնել 1 րոպե, և, վուալա, այն պատրաստ է։