Back
Ներդրումներ

Ինչպե՞ս կառավարել պորտֆելը։ Պորտֆելի կառավարման 3 փուլերը

Այս բլոգում կծանոթանանք պորտֆելի կառավարման փուլերին և ներդրումային ռազմավարության տեսակներին։ Կատարելու ենք ամենակարևոր քայլը դեպի նոր եկամուտներ։

17.05.2024
Ինչպե՞ս կառավարել պորտֆելը։ Պորտֆելի կառավարման 3 փուլերը

Keep a trading diary—write down your reasons for entering and exiting every trade. Look for repetitive patterns of success and failure.

Alexander Elder

Ինչպես քննարկել ենք մեր նախորդ «Փոքր քայլերով դեպի մեծ եկամուտներ» և «Ներդրումների կարելիներն ու չի կարելիները» հրապարակումներում, ներդրումներ կատարելուց առաջ կարևոր քայլ է ներդրումային ռազմավարության հստակեցումը։

Այսօր կխոսենք, թե ի՞նչ քայլեր ենք առանձնացնում պորտֆելի կառավարման ընթացքում, ներդրումային ռազմավարության ի՞նչ տեսակներ ենք տարբերում ու կհասկանանք, թե դրանցից ո՞րն է ավելի նպատակահարմար կիրառել՝ մեր ներդրումային նպատակներին ու ակնկալիքներին համապատասխան։

Պորտֆելի կառավարման ողջ գործընթացը կարող ենք բաժանել 3 հիմնական փուլի։

  • Պլանավորում

Այս փուլում նախ և առաջ պետք է հասկանալ ռիսկի նկատմամբ հակվածությունը, ներդրումային ակնկալիքները, եկամտաբերության նկատմամբ սպասումները, ժամանակային հորիզոնը, իրացվելիության պահանջը և այլ հատուկ պահանջներ ՝ կապված տվյալ պորտֆելի կառավարման ու ակնկալվող արդյունքների հետ։

Նախընտրելի է այս բոլոր պահանջները ոչ միայն հստակ սահմանել, այլ նաև ունենալ գրավոր տարբերակով, քանի որ դրանց հետևողական պահպանումը ու իրավիճակային որոշումների արդյունքում ռազմավարությունից էական շեղումներ չարձանագրելը պորտֆելի արդյունավետ կառավարման ու նախապես սահմանված ակնկալիքների իրագործման նախապայմաններն են։

Ակնկալիքները սահմանելուց հետո նաև հստակեցնում ենք ուղենիշ, որի նկատմամբ կկարողանանք հետագայում գնահատել պորտֆելի կատարողականը։ Այն ընտրելիս՝ պետք է հաշվի առնել, որ իր բնութագրիչներով հնարավորինս մոտ լինի մեր կառուցած պորտֆելին․ օրինակ՝ եթե ներդրումներ ենք կատարում տեխնոլոգիական ոլորտի կազմակերպությունների բաժնետոմսերում, կարող ենք որպես ուղենիշ ընտրել այդ ոլորտի ինդեքս կամ ETF:

  • Գնահատում ու իրագործում

Եթե նախորդ փուլում սահմանում էինք մեր ակնկալիքներն ու չափանիշները ընդհանուր առմամբ, ապա այս փուլը դրանց իրագործումն է, հստակ ակտիվների ու դրանց բնութագրիչների վերլուծությունը ու մեր սահմանած չափանիշներին համապատասխանության գնահատումը։ Եթե մեր նախապատվությունների ցանկում նշել էինք, որ պորտֆելը ներառելու է տեխնոլոգիական ոլորտի կազմակերպությունների բաժնետոմսեր, ապա այստեղ առանձնացնում ենք նման ընկերություններ ու առանձին-առանձին գնահատում դրանք. արդյո՞ք այնքան եկամտաբեր են, որքան մենք ենք ակնկալում, որո՞նք են դրանց հետ կապված ռիսկերը, համապատասխանո՞ւմ է ռիսկի մակարդակը մեր կողմից ընդունելի մակարդակին և այլն։

Հաճախ կիրառելի մոտեցում է վերից վար մոտեցումը․ այս դեպքում վերլուծությունը սկսում ենք մակրոտնտեսական ցուցանիշներից ու կանխատեսումներից, ինչպես օրինակ՝ ՀՆԱ աճը, ինֆլյացիայի ու շուկայական տոկոսադրույքների ակնկալվող մակարդակը, որպեսզի կարողանանք գնահատել ակտիվների այն խումբը, որն ավելի նպատակահարմար կլինի մեզ համար։ Երբ արդեն ընտրված են խմբերը, անցնում ենք դրանցից կոնկրետ արժեթղթերի ընտրությանը։

  • Արդյունքների վերլուծություն

Վերջին ու ամենակարևոր փուլերից մեկը։ Այստեղ արդեն գնահատում ենք մեր պորտֆելի կատարողականը, արդյո՞ք կառավարման արդյունքները համապատասխանում են նախապես սահմանված մեր ակնկալինքերին։ Ժամանակի ու հանգամանքների փոփոխության արդյունքում՝ կարող են փոխվել մեր սպասումները, ակնկալիքները ու ներդրումային սահմանափակումները և հենց այս փուլում էլ կատարում ենք դրանց փոփոխությունը, թարմացումն ու վերասահմանումը։

Այժմ, երբ արդեն ծանոթացանք պորտֆելի կառավարման փուլերին, քննարկենք ներդրումային ռազմավարության հիմնական 2 մոտեցումները` ակտիվ և պասիվ:

Ակտիվ կառավարման դեպքում՝ պորտֆելի կառավարիչն իրականացնում է շուկայի մշտադիտարկում և պարբերաբար ճշգրտումներ ու թարմացումներ է կատարում, որպեսզի գերազանցի շուկայական ուղենիշի արդյունքը, ինչպիսին կարող է լինել օրինակ՝ ինդեքսը: Սա պահանջում է երկար ժամանակ ու մասնագիտական գիտելիքներ, շուկայի շարժընթացից մշտական իրազեկվածություն, հետևաբար առավել ռեսուրսատար է, քան պասիվ կառավարումը:

Այս դեպքում, ի տարբերություն ակտիվ կառավարման, չի պահանջվում անընդհատ ներգրավվածություն, այլ ներդրումները կատարվում են հիմնականում շուկայական կամ որոշակի սեգմենտի ինդեքսում․ կարող ենք ընտրել աճի պոտենցիալ ունեցող սեգմենտի ETF։ Այս դեպքում կոնկրետ կազմակերպությունների գնահատումը, ընտրությունը, փոփոխությունը մեր փոխարեն իրականացնում է տվյալ ֆոնդի կառավարիչը կամ ինդեքսային ներդրումների դեպքում՝ տվյալ ինդեքսը կազմող ընկերությունը: Այս ներդրումները ավելի քիչ ծախսատար են, սակայն պետք է հաշվի առնել, որ հավանական եկամտաբերությունը կարող է ավելի ցածր լինել ակտիվ կառավարման արդյունքից:

Եթե Դուք էլ արդեն որոշեցիք, թե որն է Ձեր նախընտրած ռազմավարությունը, ուրեմն շնորհավորում ենք, Դուք կատարել եք առաջին կարևոր քայլը Ձեր պորտֆելի ձևավորման ու կառավարման ճանապարհին։ Ձեզ մնում են հետևյալ պարզ քայլերը՝

  • Բացել բրոքերային հաշիվ
  • Ներբեռնել EvocaINVEST հավելվածը
  • Բազմապատկել Ձեր եկամուտները Evocabank-ի հետ

Արժեթղթերում ներդրումների հետ կապված հարցերի դեպքում` կարող եք կապ հաստատել Ներդրումային գործառնությունների բաժնի հետ՝