Աշխատա՞նք ես փնտրում, սկսիր cv-ից
Այսօր աշխատանքային շուկան բավականին մրցակցային է:
18.06.2020Այն անընդհատ համալրվում է նոր՝ պահանջված մասնագիտություններով և ժամանակի պահանջներին համապատասխանող մասնագետներով: Այդ իսկ պատճառով աշխատանքի ընդունվելու համար կարևոր պայման է զինված լինել համապատասխան գիտելիքներով, իսկ որոշ դեպքերում՝ նաև փորձով:
Սակայն, պակաս կարևոր չէ նաև դրանց ճիշտ ներկայացումը, քանի որ հենց առաջին տպավորությունից է կախված՝ արդյո՞ք գործատուն կհրավիրի քեզ հարցազրույցի, թե քո նամակը կկորչի բազում այլ մեյլերի մեջ․ պետք չէ մոռանալ, որ գործատուներն ամենաշատը 30 վայրկյան են տրամադրում այն աչքի անցկացնելու համար, որպեսզի որոշեն՝ դու համապատասխանում ես նրանց պահանջներին, թե ոչ։
Որպեսզի ապագա գործատուն հարյուրավոր դիմողներից հետաքրքրվի հենց քո թեկնածությամբ, հարկավոր է ներկայացնել հնարավորինս տպավորիչ cv: Սակայն տպավորություն գործելու համար պետք չէ չափազանցնել, դա հեշտությամբ բացահայտվում է:
cv-ն գրագետ ու տպավորիչ դարձնելու համար պետք է հետևել հստակ կանոնների:
1. cv-ն պետք է լինի հակիրճ ու հստակ, չպարունակի ավելորդ տեղեկություն
Լավագույն դեպքում պետք է սահմանափակվել 1 կամ 2 էջով և չգրել այնպիսի մանրամասներ, որոնք ձանձրալի կլինեն գործատուի համար: Նմանօրինակ տարածված սխալներից են, օրինակ՝ ամուսնական կարգավիճակ, ազգություն, քաղաքացիություն, ծննդյան տարեթիվ կամ վայր նշելը: Հավատա՛, եթե դու իրոք համապատասխանում ես, այդ փաստերը դժվար թե հետաքրքրեն գործատուին: Ճիշտ չէ նաև ռեզյումեի առաջին տողում cv կամ resume վերնագիր դնելը, այդտեղ պետք է գրվի միայն անուն-ազգանունը:
2. Կոնտակտային տվյալներ
cv-ին լուսանկար կցելու կետը դեռևս խնդրահարույց է. ոմանք կարծում են, որ եթե աշխատանքի հայտարարության մեջ նշված չէ լուսանկարի առկայության մասին, ապա պետք չէ կցել, բայց շատերն էլ կարծում են, որ արտաքին տեսքը շատ բան է պատմում մարդու մասին: Հետևաբար, հաջողված լուսանկարը միգուցե և քո օգտին աշխատի, բայց ոչ այնպիսի լուսանկար, որն ավելի շատ համապատասխանում է սոց. ցանցերի չափանիշներին: cv-ում պետք է անպայման նշել կոնտակտային տվյալներ՝ հեռախոսահամար, մեյլ, հասցե:
3. Աշխատանքային փորձի նկարագրություն
Հաճախ cv գրելու ամենադժվար փուլը փորձառությունը տպավորիչ ներկայացնելն է՝ անկախ նրանից, թե ինչպիսին է քո ունեցած փորձը։ Հետևի՛ր այս պարզ քայլերին՝ պոտենցիալ գործատուին քո փորձառությունն ավելի լավ ներկայացնելու համար՝
- Կազմիր աշխատանքային փորձի ցանկ, ներառյալ կամավորական աշխատանքները,
- Ցանկալի է յուրաքանչյուր միտք սկսել գործողություն ցույց տվող բառից ՝ կիրառված հմտությունները նկարագրելու համար,
- Ընտրիր հինգ-վեց բառ, որոնք առավել լավ են նկարագրում քո պարտականությունները,
- Յուրաքանչյուր փորձի համար տուր կատարված աշխատանքի նկարագիրը, ձեռքբերումները, կիրառած հմտությունները և կարողությունները
- Օգտագործիր մասնագիտական լեզու,
- Աշխատանքային փորձդ դասավորիր հակառակ հերթականությամբ՝ նորից հին: Այսինքն՝ առաջին հերթին գրվում է այն աշխատանքը, որով հիմա ես զբաղվում, այնուհետև նախկին աշխատանքները:
4. Կրթություն
Կրթությունը նույնպես նշվում է հակառակ հերթականությամբ: Եթե ունես բարձրագույն կրթություն, ապա դպրոցի մասին տեղեկությունը կարելի է բաց թողնել: Նշում ենք համալսարան ընդունվելու և ավարտելու տարեթվերը, կրթական հաստատության անվանումը, ֆակուլտետը և բաժինը: Եթե մասնակցել եք որոշ դասընթացների, թրեյնինգների, ապա անպայման նշեք դրանք: Պետք չէ cv-ում ներառել այնպիսի դասընթացներ, որոնք տվյալ ոլորտին չեն առնչվում և քեզ՝ որպես տվյալ պաշտոնի թեկնածու, արժեք չեն ավելացնում, օրինակ՝ եթե դիմում ես ֆինանսական վերլուծաբանկի պաշտոնի համար, ապա քո երաժշտական դպրոցի, նկարչական դասընթացների դիպլոմները պետք չէ ներառել cv-ում:
5. Մասնագիտական հմտություններ և լեզուների իմացություն
Սա հենց այն կետն է, երբ գործատուն իմանում է քո առանձնահատուկ հմտությունների մասին: Եթե տիրապետում ես տարբեր լեզուների, համակարգչային և մասնագիտական այլ հմտությունների, անպայման գրիր այդ մասին: Մյուս կողմից էլ կարիք չկա նշելու այն հմտությունները, որոնք կապ չունեն գործի բնույթի հետ, օրինակ, բանկ դիմելիս իմաստ չունի նշել, որ հմուտ խոհարար ես:
6. Մոտիվացիոն կամ ուղեկցող նամակ
Որքան էլ քո cv-ն տպավորիչ լինի, շատ քիչ գործատուներ քո թեկնածությունը կդիտարկեն առանց ուղեկցող նամակի առկայության: Այդ պատճառով նպատակահարմար է թափուր աշխատատեղին դիմելիս ուղեկցող նամակ կցել, նույնիսկ եթե այդպիսի պահանջ ներկայացված չէ, որովհետև լավ գրված մոտիվացիոն նամակը կարդացողին ծանոթացնում է քո կենսագրությանը և սևեռում ուշադրությունը կարևոր հատկանիշների վրա։ Ի՞նչ հիմնական և կարևոր կետերի վրա պետք է կենտրոնանալ մոտիվացիոն նամակ կազմելիս․
- ողջույնի խոսքն ուղղիր հստակ հասցեատիրոջ,
- նշիր, թե ինչու ես հետաքրքրված տվյալ աշխատանքով, ինչ գիտես այդ պաշտոնի պարտականությունների մասին,
- մի օգտագործիր տարածված արտահայտություններ՝ նպատակասլաց, աշխատասեր, պատասխանատու, քանի որ անմիջապես աչքի է ընկնում այն, որ դուք ինչ-որ տեղից ես դա վերցրել։ Նկարագրիր քո յուրահատկությունները և ձեռքբերումները։ Փորձի բացակայության դեպքում շեշտը դիր գիտելիքներիդ նկարագրության և կամավորական աշխատանքների վրա։ Այսպիսով մոտիվացիոն նամակում կարևորվում է ոչ այնքան փորձն ու հմտությունները, այլ մոտիվացիան։
7. Երբ արդեն պատրաստ է cv-ն ու մոտիվացիոն նամակը, ուշադրություն դարձրու․
- ուղղագրությանը. cv-ն քո դեմքն է, քո կերպարը: Եթե ուղղագրական սխալ ես թույլ տվել անգամ 2 էջանոց cv-ում, ապա որքան սխալներ կգործես աշխատանքի մեջ...
- տառաչափերին. բոլոր վերնագրերը պետք է գրված լինեն միևնույն տառաչափով, իսկ ընդհանուր տեքստը՝ ավելի փոքր տառաչափով:
- տառատեսակներին. cv-ում կիրառված տարբեր տառատեսակները cv-ին անփույթ տեսք են տալիս և միանգամից վանում գործատուին:
- հեշտ և արագ ընթեռնելի խոսքին. պետք է գրել կարճ, կոնկրետ, լակոնիկ՝ միևնույն ժամանակ փոխանցելուվ անհրաժեշտ տեղեկատվությունը:
- ֆորմատին. cv պետք է ուղարկել միայն .pdf ֆորմատով: Երբեք չես իմանա՝ արդյոք գործատուի համակարգչում կա այս կամ այն տառատեսակը, և ինչ տեսքով կբացվի քո ուղարկած .doc ֆայլը:
- ձևանմուշներին. ինտերնետում կարող ես գտնել cv-ի բազմաթիվ ձևանմուշներ, որոնք հաճախ գեղեցիկ են ու հարմար, սակայն գործատուն հստակ տեսնում է, որ դու կիրառել ես ինտերնետից ներբեռնած ֆայլ՝ առանց սեփական ներդրման, ու հաճախ անտեսում է օրինակ europass cv-ները: Եթե անգամ կիրառում ես ձևանմուշ, փոքր-ինչ ձևափոխիր այն:
- մեյլը. քո մասին առաջին տպավորությունը ստեղծում է մեյլը: Քո էլեկտրոնային հասցեն և subject-ը (այս մասին արդեն խոսել ենք մեր նախկին նոթերից մեկում) քո մասին շատ բան են ասում: Կարևոր է նաև, որ քո cv-ն ուղարկված լինի հենց քո մեյլից:
Գրագետ կազմիր քո cv-ն, կցիր մոտիվացիոն նամակը և պատրաստվիր հարցազրույցի։
Մաղթում ենք հաջողություն:
Related Blogs
- 99 խնդի՞ր, 1 լուծում՝ Evoca թվային քարտ 28.11.2024
- Evoca Art 23.10.2024
- Ուսանողական վա՞րկ, թե՞ ներդրում ապագայի համար 22.07.2024