Mann Deshi Bank – կանանց համար առաջին բանկը և բանկային դպրոցը
Հնդկաստանի մի փոքրիկ գյուղում Chetna Sinha անունով մի կին 1997թ․-ին հիմնադրել է առաջին բանկը կանանց համար, որը կառավարվում է միայն կանանց կողմից։
07.03.2024Chetna-ն ծնվել և մեծացել է Mumbai քաղաքում, որտեղ էլ ավարտել է քոլեջը և ձեռք բերել տնտեսագետի մասնագիտություն։
Քոլեջն ավարտելուց հետո, աշխատելով մի շարք ֆինանսական հաստատություններում, Chetna-ն նկատում է, որ այն կանայք, որոնք չունեն մասնագիտություն, իրեն հավասար աշխատում էին, սակայն երբեք չէին վաստակում նույնչափ գումար, իսկ նրանցից շատերն անգամ չէին եղել բանկում։ Ինչու՞։ Որովհետև այս կանայք չնչին գումար էին աշխատում, իսկ մյուս բանկերը չէին սպասարկում նրանց։
Ըստ Chetna-ի՝ Հնդկաստանում միջին և ավելի եկամուտ ունեցող կանանց համար շատ հեշտ էր գնալ բանկ և հաշիվ բացել, բայց ցածր եկամուտ ունեցեղները միշտ մերժվում էին անգամ այն պարագայում, երբ նրանք ցանկանում էին խնայողություններ կատարել բանկում ավանդի տեսքով։
Chetna-ն չկարողացավ անտարբեր անցնել այս անարդարության կողքով և որոշեց բացել սեփական բանկը ցածր եկամուտ ունեցող կանանց համար՝ հիմնավորելով, որ, եթե ոչ մի բանկ պատրաստ չէ օգնել այս կանանց, իր բանկը կանի դա։
Chetna-ն հավաքեց մի քանի գյուղաբնակ կանանց, ստեղծեց իր փոքրիկ թիմը և դիմեց բանկային լիցենզիայի համար։
Քանի որ թիմի կանայք չունեին կրթություն և հետևաբար չէին կարողանում գրել ու կարդալ, Chetna-ի բանկային լիցենզիան մերժվում է։ Երբ Chetna-ն արդեն անհույս էր, թիմից մի կին նրան ասում է․ «Ճիշտ է, մենք չգիտենք գրել և կարդալ, սակայն մենք կարողանում ենք հաշվել»։ Այս նախադասությունը մոտիվացնում է Chetna-ին, և շուրջ 5 ամիս նա սովորեցնում է իր թիմին ֆինանսներ և հաշվապահություն։ Նրանք որոշում են կրկին դիմել լիցենզիայի համար։ Այս անգամ ամբողջ թիմը պատրաստված էր, և երբ նրանց առաջադրանք տրվեց հաշվել տոկոսադրույք առանց հաշվիչների, նրանք ավելի արագ հաշվարկեցին, քան ստուգողները։ Chetna-ին հաջողվեց ստանալ լիցենզիա։
Chetna-ն վերջապես կարողացավ բացել առաջին բանկը՝ Mann Deshi-ն, գյուղաբնակ կանանց համար։ Այս ամենին հաջորդում է մյուս մարտահրավերը․ գյուղաբնակ կանայք սկսում են բողոքել, որ չեն կարող այցելել բանկ, քանի որ աշխատում էին մինչ ուշ երեկո: Բայց Chetna-ի թիմը գտնում է խնդրի լուծումը․ նրանք ստեղծում են door-step բանկային համարգ, որի միջոցով բանկի աշխատակիցներն անձամբ մոտենում էին տվյալ կանանց և տրամադրում smart card-եր, որոնց միջոցով էլ կանայք պահում էին իրենց խնայողությունները։
Ներկայումս Chetna-ի բանկն ունի 7 մասնաճյուղ, ավելի քան 185,000 հաճախորդ և օրական իրականացնում է 10,000 գործարք։ Բանկն այս ընթացքում իրականացրել է շուրջ 50 մլն դոլարի վարկավորում՝ օգնելով մի շարք կանանց ստեղծել իրենց սեփական բիզնեսները։
Բանկը մինչ օրս էլ կառավարվում է միայն կանանց կողմից և շարունակում է օգնել ցածր եկամուտ ունեցող կանանց։ Բանկը նաև համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ՝ British Asia Trust, GIZ, Deutche Bank, Bonita Trust և այլն։ Այս ամենից բացի՝ Mann Deshi բանկը կատարում է բարեգործություններ, նվիրաբերություններ առողջապահական հաստատություններին, ստեղծել է բիզնես դպրոց, որտեղ կանայք կարող են կրթություն ստանալ։
Բայց նախքան ավարտելը՝ մի հետաքրքիր պատմություն էլ պատմենք Chetna-ի մասին։ Նա ուժեղ կնոջ լավագույն օրինակներից է, ով գերազանց հաղթահարեց յուրաքանչյուր մարտահրավեր, մոտիվացրեց և մոտիվացվեց։
TED Talks հաղորդմանն իր խոսքի ընթացքում Chetna-ն մի շատ հետաքրքիր պատմություն պատմեց։ Նա նշեց, որ բոլորին թվում է՝ ինքն է բոլոր կանանց սովորեցրել, բայց իրականում Chetna-ն շատ բան է սովորել նաև ուրիշներից և խոսեց մի աղջկա մասին, որը հիանալի օրինակ էր իր տեսակով։
Մի օր բանկ է այցելում մի աղջիկ, որը ավարտել էր միջնակարգ դպրոցը և կրթությունը պետք է շարունակեր ավագ դպրոցում։ Նա եկել էր մի խնդրանքով․ աղջիկն ամառային արձակուրդի ընթացքում ցանկանում էր աշխատել բանկում, որպեսզի գումար հավաքեր և հեծանիվ գներ։ Հեծանիվը նրան հարկավոր էր դպրոց հասնելու և ավտոբուսի գումարը խնայելու համար։ Այս օրինակը Chetna-ն օգտագործեց որպես հնարավորություն, և արդեն 3 տարի անց Mann Deshi բանկի կողմից շուրջ 10,000 աղջիկ ստացավ միջոցներ՝ հեծանիվ ձեռք բերելու և դպրոց հասնելու համար։
Հիանալի էր, չէ՞։ Կյանքում մեզ բազմիցս տրվում են հնարավորություններ, բայց հաղթում է նա, ով ճիշտ պահին օգտագործում է այդ հնարավորությունը և չի վախենում մարտահրավերներից։
Մանրամասների համար կարող ես անցնել հղումով և դիտել Chetna-ի պատմությունը TED Talks-ի ընթացում։
Մաղթում ենք հաճելի դիտում։
Սիրով՝ քո Evoca…
Related Blogs
- Evoca Art 23.10.2024
- Ուսանողական վա՞րկ, թե՞ ներդրում ապագայի համար 22.07.2024
- Բոլորին հայտնի Մոնոպոլիա խաղի օրենքներն իրական կյանքում 01.02.2024