Կենսակերպ

Evoca Art

Համացանցը պայթեցրած արշավը վերադարձել է նոր լոգոներով։ Evoca-ի մարքեթինգի և PR-ի վարչության ղեկավար Լյուսի Սարուխանյանի հարցազրույցը Երևան ամսագրին։

23.10.2024
Evoca Art

Հասարակ հրապարակումից մինչև համաշխարհային լրատվականներ

Ինչպես համավարակի օրերին դրական ու թեթև քոնթենթ ստեղծելու նպատակով Evoca-ում հորինեցին հայկական համացանցի ամենահաջողված արշավներից մեկը, իսկ այս տարի վերադարձան շարքին, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն Սերգեյ Փարաջանովին։ Պատմում է Evoca-ի մարքեթինգի և PR-ի վարչության ղեկավար Լյուսի Սարուխանյանը։

Արվեստով հաղթահարենք համավարակը

Մի քանի տարի առաջ էր, համավարակ էր, ամեն ինչ փակ էր, բանկն աշխատում էր սահմանափակ ռեժիմով, մենք էլ բոլորս նստած էինք մեր տներում ու մտածում, թե ինչ հետաքրքիր պորդուկտներ ու արշավներ կարելի է մտածել՝ այդ տարօրինակ ու լարված օրերը մի քիչ հետաքրքրացնելու համար։ Անհրաժեշտ էր ստեղծել դրական, կրեատիվ ու թեթև քոնթենթ սոցիալական ցանցերի համար։ Որոշեցինք արվեստի հետ կապված հրապարակում ստեղծել, հետո էլ մտածեցինք՝ ինչու չհամատեղել մեր բրենդը՝ արվեստի հսկաների ժառանգության հետ։ Էդպես մտածեցինք այս շարքը, որում Evoca-ի լոգոն պատկերված է ամենատարբեր մեծ նկարիչների ոճով։Ֆրիդայի դեմքը

Առաջին փուլում ստացանք 12 պատկեր, 12 մեծ նկարիչների ոճով՝ Ֆրիդա, Մալևիչ, Կանդինսկի, Պիկասո, և այլն։ Ընտրելիս առաջին հերթին առաջնորդվում էինք պարզապես մեր թիմի անձնական նախասիրություններով։ Իհարկե, կարևոր էր նաև, որ նկարիչներն ու ընտրված նկարները ճանաչելի ու հասկանալի լինեին նաև մեր հետևորդներին։ Ի դեպ, ամենաերկարը տանջվեցինք Ֆրիդայի վրա։ Դժվար էր գտնել էնպիսի մի գործ, որն ակնհայտ հղում անի իր արվեստին։ Ի վերջո, եկանք իր ինքնադիմանկարին, քանի որ նա հաճախ էր ինքն իրեն նկարում իր կտավներում։ Վերջում մեզնից շատ գոհ էինք, իրոք հետաքրքիր ու յուրահատուկ բան էր ստացվել (հիշենք, որ դա 2020-ն էր)։ Բայց այն աննախադեպ գլոբալ արձագանքը, որ ստացանք, նույնիսկ մեզ համար էր անսպասելի։

Գլոբալ արձագանք

Պարզ մաքերթիգային քայլերով արեցինք արշավը։ Նախ, տեղադրեցինք մեր սոցցանցերում՝ Ֆեյսբուք, Ինստագրամ, Լինքդին։ Հետո նկատեցինք, որ օրգանիկ շատ մեծ ներգրավվածություն կա։ Մի փոքր գովազդ միացրեցինք, զուտ սիմվոլիկ։ Բայց այդ փոքր ներդրումն էլ ահռելի արդյունք բերեց։ Մի գիշերվա մեջ գրառումը հասավ շատ հայտնի՝ դիզայնի, ճարտարապետության, արվեստի ու մարքեթինգի հետ կապ ունեցող, սոցցանցերում միլիոնավոր հետևորդներ ունեցող լրատվականների էջերին, որոնք կիսվում էին մեր հրապարակմամբ՝ որպես օրիգինալ ու գեղեցիկ աշխատանք։ Հրապարակումները հավաքում էին հազարավոր like-եր ու հիացական comment-ներ։ Մենք մինչ օրս էլ զարմանում ենք, երբ մի նոր լրատվական 4 տարի անց դեռ կիսվում է այս հրապարակմամբ։  

Մի օր էլ նամակ ստացանք արտասահմանցի մի հետևորդից, ով տեսել էր այս շարքը ու խնդրում էր իրեն ուղարկել աշխատանքային ֆայլերը։ Պարզվեց, որ այնքան է հավանել, որ ուզում է դաջվածք անել իր վրա։ Մենք բացատրեցինք, որ սա բանկի լոգո է, կոմերցիոն նախագիծ․․․ Ամեն դեպքում, հպարտանալու մեծ առիթ էր։

Փարաջանովի խորությունը

Ընդհանրապես, Evoca-ն հայտնի է իր կրեատիվությամբ, որի համար արվեստն անսահման ոգեշնչման աղբյուր է։ Այն մեր ԴՆԹ-ում է։ Մեր թիմում բոլորն էլ արվեստի սիրահար են։ Փարաջանովն էլ, իհարկե, մեր բոլորի սիրելիներից մեկն է։ Ընդ որում, կդժվարանամ ասել, թե նրա արվեստի հատկապես որ արտահայտումն ենք սիրում ավելի շատ․ և՛ կինոն, և՛ կոլաժները, և՛ գրաֆիկան անկրկնելի են։Քանի որ այս տարի մաեստրոյի 100-ամյակն է նշվում, որոշեցինք վերադառնալ Evoca Art-ին ու երեք նոր աշխատանք ստեղծել՝ ոգեշնչված Փարաջանովի արվեստով։ Հատուկ դրա համար ամբողջ թիմով ևս մեկ անգամ այցելեցինք նրա տուն-թանգարան, ևս մեկ անգամ բոլորս ցնցված մնացինք նրա բազմաշերտությամբ ու խորությամբ։ Փորձել ենք այդ տպավորությունները արտահայտել նոր լոգոներում։ Թող սա էլ մեր համեստ շնորհավորանքը լինի աննման Փարաջանովին: