Back
Կենսակերպ

2021-ը դարձել է կինո պրեմիերաների մրցավազք

Կինոմաններին են ներկայացվելու բազմաժանր գլուխգործոցներ, որոնցից ընտրել ենք ամենասպասվածներն ու մրցակցայինները:

01.02.2021
2021-ը դարձել է կինո պրեմիերաների մրցավազք

1. Fast & Furious 9
Այս ֆիլմն ասոցացվում է ավտոմեքենայի շարժիչի ձայնի ու խելահեղ արագության հետ։ Բոլոր 8 ֆիլմերի հիմքում կա մեկ և անփոփոխ գաղափարախոսություն՝ ընկերություն և ընտանիք։ Իսկ ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը՝ Դոմինիկը, մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում իսկական ընկերությանը՝ համարելով այն ընտանիքի մի մաս։ Սակայն այս անգամ փոխվում է ֆիլմի լոզունգը. «Ամեն արյուն չէ՝ ընտանիք»։ Ֆիլմում հայտնվում է նոր դավաճան կերպար՝ պրոֆեսիոնալ մարդասպան Ջեքոբսը՝ Դոմինիկի կրտսեր եղբայրը։P.S. Իհարկե, Փոլ Ուոկերի (Բրայան) մահից հետո շատերն էին պահանջում, որ ֆիլմն այլևս չշարունակվի, սակայն նախորդ մասն ապացուցեց, որ ֆիլմի հանդեպ հետաքրքրվածությունը չի պակասել:
Պրեմիերան տեղի կունենա ապրիլի 28-ին։


2. No Time to Die
“My name is Bond, James Bond”. Դասական կոստյումով, հմայիչ, խելացի և գեղեցիկ կանանցով շրջապատված լրտեսը վերադառնում է։ Թեպետ ըստ ֆիլմի սյուժեի՝ Բոնդը թողել էր լրտեսի իր կարիերան և հանգստանում էր արևոտ Յամայկայի ափերին, սակայն չարագործի ձեռքերից հայտնի գիտնականին փրկելու համար՝ Բոնդն ընդհատում է իր հանգիստը, որպեսզի հանդիպի մեզ հետ ապրիլի 2-ին։


3․ Dune
Ֆանտաստիկայի ժանրի ֆիլմի գլխավոր հերոսը հայտնի և ազնվական ընտանիքից է, որն անապատային մոլորակ Արակիսում պետք է պահպանի Գալակտիկայի ամենաարժեքավոր տարրը՝ Spice-ը (համեմունք)։ Ով տիրում է Spice-ին, տիրում է տիեզերքին։ Հոկտեմբերին կիմանանք, թե ով դարձավ Spice-ի տիրակալը։


4․ Free Guy
Համաձայն եք չէ՞, որ 2020-ից հետո կյանքը կոմեդիաների կարիք ունի։ Ռայան Ռեյնոլդսը, որին շատերս գիտենք որպես կոմեդի-ընտանեկան ժանրի դերասան, բանկային աշխատող էր, ով հանկարծ հայտնվում է համակարգչային խաղի մեջ, որտեղ ամեն ինչ որոշում էին խաղային պերսոնաժները։ Եվ, իհարկե, հենց գլխավոր հերոսը պետք է փրկի աշխարհը կործանումից։ Ի սկզբանե, Ռայանին խաղի միջից ազատելու տարեթիվը որոշված էր 2020-ը, բայց համաշխարհային պանդեմիայի պատճառով հավանաբար նա այնտեղ կմնա մինչև այս տարվա մայիս։ 


5․ Jungle Cruise
1900 թվական։ Արկածախնդիր ճանապարհորդների մի խումբ ուղևորվում է Ամազոնի ջունգլիներ։ Հիմա կմտածեք, որ արկածներ փնտրելու համար Ամազոնն ամենաիսկական տեղն է։ Սակայն, իրականում, նրանք փնտրում էին լեգենդար և հինավուրց կյանքի ծառը, որը բուժիչ և վերակենդանացնող ուժ ունի։ ֆիլմի ոգեշնչման աղբյուր է եղել Դիսնեյլենդի թեմատիկ ատրակցիոնները։ Հուլիսին կպարզենք, թե արդյո՞ք վտանգավոր ճանապարհորդությունից բոլորը վերադարձան անվնաս։


6․ Minions: The Rise of Gru
Կարոտե՞լ եք փոքրիկ ու չարաճճի Մինիոններին, որոնց ամենա-ամենա ցանկությունն է գտնել և ծառայել չարագործի։ Եվ ահա, երկար փորձերից հետո, նրանք գտնում են 12-ամյա Գրյուին, ով երազում էր դառնալ աշխարհի մեծագույն չարագործը։ Այս անգամ մեր շատ սիրելի բարի չարագործին կտեսնենք մանուկ հասակում։ Սպասենք արևոտ ամառային օրերին, չէ՞ որ Մինիոններն այդ ժամանակ են գալու։


7․ The King's Man
Լրտեսների կյանքը չգիտես ինչու բոլորին հետաքրքրում է: Գաղտնիքներով լի կյանք, անսպասելի իրադարձություններ և խորհրդավոր արտաքին։ The King`s Man-ը լրտեսների կազմակերպություն է, որի տաղանդավոր օպերատիվ աշխատողներից մեկն է երիտասարդ Կոնրադը՝ Օքսֆորդի դքսի որդին, որի միակ երազանքն էր ծառայել Անգլիային։ Սակայն իրադարձություններն այնպես են փոխվում, որ նա ներգրավվում է մարդասպանների և լրտեսների մութ և գաղտնի աշխարհ։ Երկար ենք սպասել ֆիլմի պրեմիերային: Հուսանք, որ փետրվար-մարտ ամիսներին վերջապես կտեսնենք երկար սպասված ֆիլմը։


8․ Black Widow
Թերևս Marvel կինոստուդիայի ամենասիրված, համառ, գաղտնիքներով լեցուն կերպարն է Նատաշա Ռոմանոֆը։ «Սև Այրու» մասին նկարահանվող ֆիլմին մենք շատ վաղուց էինք սպասում։ Նատաշային հետապնդում են իր անցյալի մութ և չբացահայտված գաղտնիքները, որոնց նա պետք է վերջնական լուծում տա «Վրիժառու» դառնալուց առաջ։ Ֆիլմը կինոթատրոններում կլինի մայիսի 7-ից:


9․ Morbius
Ֆիլմի գլխավոր հերոսն է Ջարետ Լետոն` դերասան և ռոք-երաժիշտ։ Եթե հետևում եք նրա դերասանական կարիերային, ապա կհամաձայվեք, որ նա անմիջապես կերպարանափոխվում է և վերցնում իր կերպարը: Մորբիուսի կերպարն առավել պատկերավոր ներկայացնել հանդիսատեսին ոչ մեկ չէր կարող։ Խորաթափանց, սուր և տխուր աչքեր, հմտորեն թաքցրած հոգեվիճակ. ահա բժիշկ Մորբիուսի կերպարը, որն արյան անբուժելի հիվանդությունից ազատվելու համար մասնակցում է վտանգավոր փորձաքննության՝ արդյունքում դառնալով հմայիչ վամպիր։ Պատկերացրեցի՞ք․․․ Աշնանը սպասում ենք ֆիլմի պրեմիերային։


10․ Chaos Walking
Երկրաբնակների կողմից գաղութացված անհայտ մոլորակում ինչ-որ տարօրինակ վիրուսից մահանում են բոլոր կանայք։ Տղամարդիկ էլ տիրապետում են արտասովոր մի հատկության։ Նրանք կարող են միմյանց մտքերը հասկանալ պատկերների, բառերի և հնչյունների տեսքով, որը կոչվում է Աղմուկ: Հենց այդ պատճառով ոչ մի անձնական գաղտնիք հնարավոր չէր պահել: Ֆիլմի հերոսը հայտնաբերում է լռության մի տեղ, որտեղ այդ Աղմուկը բացակայում է: Այնուհետև հայտնաբերում է մարդկանց, ովքեր կարող են այդպիսի լռության տարածքներ գեներացնել նրա շուրջ, և սկսում է պայքարել տոտալիտար հասարակության դեմ: Լռության հետքերով կգնանք այս տարվա ապրիլին։


11․ The Suicide Squad
Բոլոր նրանք, ովքեր նայել են Ջոկերի մասնակցությամբ այս ֆիլմը, իհարկե տպավորված են Մարգո Ռոբիի չար, դաժան և սեփական դժբախտությունները խելագարություններով թաքցնելու իր անգնահատելի կարողությամբ։ Լինելով մասնագիտությամբ հոգեբան՝ նա գերադասում է կերպարանափոխվել և դառնալ Ջոկերի ընկերուհին։ Թեպետ ֆիլմը սիրվել էր, սակայն մասնագետները համարել էին չհաջողված։ Ի՞նչ ենք տեսնելու ֆիլմի այս մասում։ Օգոստոսյան տաք օրերը «Ինքնասպանների ջոկատը» էլ ավելի է ջերմացնելու: Սպասենք։


12․ Top Gun: Maverick
1986թ․-ին օսկարակիր դերասան Թոմ Կրուզի մասնակցությամբ նկարահանված Մեվերիկ մարտաֆիլմը կինոաշխարհի լավագույններից համարվեց։ Մասնագիտական պատասխանատվություն, մարզական պատրաստվածություն և քրտնաջան աշխատանք․ երեք հատկանիշներ, որոնք անխոս նկարագրում են Թոմ Կրուզին։ Հմուտ օդաչուն, թողնելով ծառայությունը, զբաղվում էր նորեկների ուսուցմամբ։ Բայց փոխվում են ժամանակները, փոխվում է նաև տեխնիկական առաջընթացը, և երբ հասունանում է վտանգը, Մեվերիկը վերադառնում է ու ցուցադրում անգերազանցելի վարպետություն։ Բոլոր նրանց, ովքեր կարոտել էին Մեվերիկին, ուզում ենք ասել՝ քիչ մնաց։ Ամառային երկնքում ավելի պարզ կերևա նրա հմուտ թռիչքը։


13․ Tom and Jerry
Կինոաշխարհի ամենասիրված մուլտհերոսները ձմռան վերջին ամիսը կդարձնեն անչափ ուրախ՝ մուտք գործելով կինոաշխարհ։ Մինչ օրս դեռ հստակ պատասխան չկա՝ փոքրերն են նրանց ավելի շատ սիրում, թե՞ մեծերը։ Կհարթվի՞ արդյոք երկար տարիների անհաշտությունը, թե՞ հավետ թշնամիներ կմնան մուկն ու կատուն։ Բայց այն, որ մուկը՝ Ջերին, պետք է փախչի, իսկ կատուն՝ Թոմը, նրան փորձի բռնել, դա հաստատ է, և որքան էլ, որ մի պահ թվում է, թե վերջ, ամեն ինչ սկսվում է նորից։ Անհամբեր սպասում ենք ընկերության և թշնամության մասին ամենաբարի ու հարազատ ֆիլմին։


14․ Candyman
Կինոաշխարհն առանց սարսափ ֆիլմերի հնարավոր չէ պատկերացնել Ալֆրեդ Հիչքոքից հետո։ Սիրու՞մ եք գիշերը երկար նայել հայելու մեջ։ Առաջարկում ենք թողնել այդ սովորությունը, քանի որ Քենդիմենն իր զոհի հետևից գալու է հայելու միջով։ Իսկ եթե չեք հավատում, մարտի կեսերից արդեն կհավատաք։


15․ Coming 2 America
33 տարին ոչինչ է, երբ սպասում ես Աֆրիկյան ինչ-որ ցեղի թագավորին՝ Էդի Մերֆիին։ Ինչու՞ է նա վերադառնում Միացյալ Նահանգներ։ Պատճառը նրա որդին է, որի մասին նա իմանում է միայն երկար տարիներ հետո։ Կոմեդիայի սիրահարներին մնում է սպասել մարտ ամսին և վայելել սիրելի ֆիլմի շարունակությունը:


16. The Matrix 4
Դու էլ ես ամեն անգամ նայել Մատրիցայի 3 մասերն ու հարց տվել քեզ՝ արդյո՞ք էլ չեն լինելու օդում քարացած կադրեր։ Այո, Նեո-ն նորից էկրաններին է։ Ամենազոր Քիանու Ռիվզը կմարմնավորի սիրված կերպարին։ Ֆանտաստիկ մարտաֆիլմին սպասենք այս տարվա վերջում։


17․ Mortal Kombat
HBO Max-ի և Warner Bros․-ի մտահղացումն է՝ ստեղծել ֆիլմ լայն տարածում գտած համակարգչային խաղի հիման վրա։ Mortal kombat-ի մասին ֆիլմեր ու սերիալներ պարբերաբար տեսել ենք, բայց այս անգամ, կարծես թե, մասշտաբները շատ մեծ են: Warner Bros.-ը պատրաստվում է թողարկել տարվա ամենաքննարկվող ֆիլմերից մեկը։ Շուտով կհայտնվենք ամենավտանգավոր մարտարվեստի մրցության մեջ։


18. Ghostbusters: Afterlife
Սիրուն, փափլիկ ու բարի ուրվականները նորից էկրաններին են։ Նրանք նման չեն այն ուրվականներին, որոնց մասին պատմում են։ Նրանք սիրվում են թե՛ փոքրերի և թե՛ մեծերի կողմից։ Այս անգամ երկու դեռահաս, փորձելով ավելին իմանալ իրենց պապիկի մասին, պատահաբար գտնում են Ecto-1 ավտոմեքենան, որը պատկանում էր ուրվականների հայտնի որսորդներին։ Ուրվականները մրսկան են և նրանք կգան ամռանը։


19․ Eternals
Marvel-ի ֆաներն այս տարի զարմանալու և հիանալու բազմաթիվ առիթներ են ունենալու։ «Հավերժները» մարդկային անմահ սուպերռասա է, որը պատասխանատվություն է կրում երկրում էվոլյուցիոն զարգացման գործընթացի համար։ Ֆիլմում իրար են բախվում հավերժներն ու դեվիանտները՝ գենետիկորեն անկայուն և հրեշային կործանարարները։ Իսկ հիմա խնդրում ենք ուշադրություն, Marvel-ն այս անգամ գերազանցել է ինքն իրեն՝ հավաքելով հզոր դերասանական կազմ՝ Անջելինա Ջոլի, Սալմա Հայեք, Ռիչարդ Մեդեն, Քիթ Հերինգթոն և կինոաշխարհի այլ փայլուն դեմքեր։ Սպասումները ֆիլմից մեծ են։ Պրեմիերան նախատեսվում է այս աշնանը։


20․ Shang-Chi and the Legend of the Ten Rings
Այս տարի կինոմանները զարմանալու առիթներ շատ են ունենալու։ Marvel-ն իր ֆաների համար անակնկալներ է պատրաստել՝ առաջին անգամ գլխավոր սուպերհերոսի դերում ներկայացնելով ասիական կերպար։ Պրեմիերան նախատեսվում է հուլիսի 9-ին։


21․The Hitman's Wife's Bodyguard
Եկեք մի պահ պատկերացնենք, որ Եվրամիության փրկությունը Ռայան Ռեյնոլդսի, Սալմա Հայեքի և Սեմուել Լ․Ջեքսոնի ձեռքերում է։ Վստահել, թե՞ ոչ։ Մի՞թե դա է հարցը։ Իհարկե ոչ։ Կարևորն այն է, որ օգոստոսի 19-ից մեծ էկրաններին մեզ սպասում է կոմեդի-մարտաֆիլմ տաղանդավոր և սիրված դերասանների մասնակցությամբ։

Բոնուս լեգենդար տիտանների մասնակցությամբ!

22. Godzilla vs. Kong
Աշխարհը, որում մենք մեզ հայտարարել ենք տերեր, պատկանում է նրանց։ Ու հիմա հասունացել է էպիկ հանդիպման պահը ՝ սարսափազդու Գոդզիլան ընդդեմ դաժան, բայց նուրբ ու բարի ներաշխարհով Քոնգի։ Այստեղ հիմնական հարցն այն է, թե ու՞մ կողմից ես դու և ու՞մ համար է քո սիրտը անհանգստանալու։ Կինոպրեմիերան սպասվում է մարտ ամսին։

Ամենասպասված ֆիլմերը դիտեք ամենաբարձր տրամադրությամբ՝ շրջապատված լավագույն մարդկանցով: