Վերադառնալ
Բանկային

Evocabank-ը կներգրավի 10 մլն ԱՄՆ դոլար BSTDB-ից

Ֆինանսական միջոցները կուղղվեն Հայաստանում ՓՄՁ-ներին՝ զարգացման, ընդլայնման, մրցակցության ամրապնդման և առևտրային հնարավորությունների խթանման համար։

31.10.2024
Evocabank-ը կներգրավի 10 մլն ԱՄՆ դոլար BSTDB-ից

Evocabank-ը սկսել է նոր համագործակցություն The Black Sea Trade and Development Bank (BSTDB)-ի հետ, ըստ որի՝ Բանկը կներգրավի 10 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոցներ, որից 9 մլն ԱՄՆ դոլարը կուղղվի փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ֆինանսավորմանը, իսկ 1 մլն ԱՄՆ դոլարը՝ առևտրային գործունեությունների ֆինանսավորմանը։

Ներգրավված վարկային միջոցներով Evocabank-ը կաջակցի տեղական ՓՄՁ-ներին՝ ստեղծելով հնարավորություններ՝ իրականացնելու իրենց ներդրումային ծրագրերը, ընդլայնվելու դեպի նոր, միջազգային շուկաներ, ամրապնդելու մրցունակությունը և հաստատելու տարածաշրջանում ավելի ամուր տնտեսական կապեր։

Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց. «Ուրախ ենք հայտարարել BSTDB-ի հետ մեր նոր համագործակցության մասին, որի նպատակն է խթանել Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) ոլորտի զարգացումը։ 10 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրելով Evocabank-ին՝ BSTDB-ն այս համագործակցությունը դարձնում է կարևոր նշաձող: Դրանից 9 միլիոն ԱՄՆ դոլարը հատկացվելու է ՓՄՁ-ների զարգացմանը, իսկ 1 միլիոն ԱՄՆ դոլարը՝ առևտրային գործառնությունների ֆինանսավորմանը: Այս նախաձեռնությունը նպատակաուղղված է լուծելու Հայաստանում ՓՄՁ-ների առջև դրված մարտահրավերները՝ ապահովելով նրանց աճի ու նորարարության համար անհրաժեշտ կապիտալով: Աջակցելով Սևծովյան տարածաշրջանում առևտրով զբաղվող ձեռնարկություններին` մենք ոչ միայն մեծացնում ենք նրանց գործառնական կարողությունները, այլ նաև ստեղծում ավելի ամուր և մրցունակ բիզնես միջավայր: Evocabank-ում մենք պարտավորվում ենք օգտագործել այս միջոցները՝ օգնելու տեղական ՓՄՁ-ներին իրականացնել իրենց ներդրումային նպատակները, ընդլայնվել դեպի նոր շուկաներ և ուժեղացնել իրենց մրցունակությունն ու արտահանման ներուժը»:

BSTDB-ի նախագահ դոկտոր Serhat Köksal-ը նշեց. «ՓՄՁ ոլորտի զարգացմանն աջակցելը BSTDB հիմնական ռազմավարական առաջնահերթություն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև մեր բոլոր անդամ երկրներում: Փոքր և միջին ձեռնարկությունները ցանկացած տնտեսության ողնաշարն են, և Հայաստանում նրանք վճռորոշ դեր են խաղում աճի, նորարարության և զբաղվածության խթանման գործում: Մեր տրամադրած միջոցները կօգնեն այս բիզնեսներին բարելավելու իրենց գործունեությունը և դառնալու ավելի ճկուն՝ ի վերջո նպաստելով երկրի տնտեսության ընդհանուր զարգացմանն ու կայուն աճին»:

Evocabank-ի մասին

1990 թվականին հիմնադրված Evocabank-ը Հայաստանում առաջին գրանցված առևտրային բանկն է, որը բանկային շուկայում ունի ավելի քան 34 տարվա փորձ: Գլխամասային գրասենյակը գտնվում է Երևանում։ Evocabank-ն իր ցանցի միջոցով Երևանում և մարզերում մատուցում է ներառական ֆինանսական ծառայություններ ֆիզիկական անձանց, ՓՄՁ-ներին և ավելի խոշոր բիզնեսներին: Բանկի նպատակն է մատուցել ֆինանսական ծառայություններ նորագույն տեխնոլոգիաների լայնածավալ կիրառմամբ արագ, պարզ և հարմար եղանակով՝ գործելով mobile-first ձևաչափով: Կենտրոնացած լինելով թվային նորարար մոտեցման վրա՝ Evocabank-ը Հայաստանի ամենաարագ զարգացող բանկերից է: Բանկն արժանացել է մի շարք միջազգային մրցանակների, այդ թվում՝ «Հայաստանի լավագույն ՓՄՁ բանկ» և «Հայաստանի լավագույն թվային բանկ» մրցանակներին՝ Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից:

Կայք՝ www.evoca.am

BSTDB-ի մասին

BSTDB-ն միջազգային ֆինանսական կազմակերպություն է՝ հիմնադրված Ալբանիայի, Հայաստանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Ռուսաստանի և այլ երկրների կողմից: BSTDB-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում: BSTDB-ն աջակցում է տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային համագործակցությանը` տրամադրելով վարկեր, վարկային գծեր, սեփական կապիտալ և երաշխիքներ իր անդամ երկրների պետական և մասնավոր հատվածներում՝ բիզնես նախագծերի և առևտրի ֆինանսավորման համար: Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 3․45 մլրդ եվրո:

Կայք՝ www.bstdb.org