Վերադառնալ
Բանկային

Evocabank-ն անդամակցել է ՖԻՆԱՐՄ Ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիային

Ասոցիացիայի նպատակներից է՝ խթանել ֆինանսական շուկայում ժամանակակից նորարարական լուծումների, նոր գործիքների ու մեխանիզմների ներդրումը:

13.03.2021
Evocabank-ն անդամակցել է ՖԻՆԱՐՄ Ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիային

ՖԻՆԱՐՄ ասոցիացիայի անդամ են հայաստանյան առաջատար առևտրային բանկեր, ներդրումային ընկերություններ և ինստիտուցիոնալ այլ ներդրողներ:

Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց, որ Ֆինանսական շուկայի մասնակիցների ՖԻՆԱՐՄ ասոցիացիային Evocabank-ի անդամակցությունը նախևառաջ կոչված է նպաստելու հայաստանյան ֆինանսական շուկայում թվային և նորարարական լուծումների ներդրմանն ու խթանելու շուկայի զարգացումը: Կարծում ենք, որ ՖԻՆԱՐՄ ասոցիացիայի շրջանակներում զգալիորեն կնպաստենք ժամանակակից և արդիական գործիքակազմով ֆինանսական շուկայի ձևավորմանը Հայաստանում, որից էապես կշահեն և՛ ներդրողները, և՛ շուկայի այլ մասնակիցները: Կարեն Եղիազարյանը հիշեցրեց, որ օրեր առաջ Evocabank-ը թողարկեց և ժամերի ընթացքում տեղաբաշխեց իր պարտատոմսերի առաջին տրանշը, որոնք, առաջին անգամ հայաստանյան ֆինանսական համակարգում, հնարավոր է եղել գնել նաև online եղանակով։ Բանկի պարտատոմսերի երկրորդ տրանշը կթողարկվի մարտի 23-ին, որը նույնպես հնարավոր կլինի գնել online տարբերակով՝ Բանկի EvocaTOUCH հավելվածի միջոցով:

ՖԻՆԱՐՄ ասոցիացիայի տնօրեն Կարեն Զաքարյանի խոսքով. «ՖԻՆԱՐՄ-ն այսօր Հայաստանի ամենակայացած և նպատակասլաց բիզնես ասոցիացիաներից մեկն է, որն իր գործունեության ընդամենը երկու տարիների ընթացքում հասցրել է բեկումնային փոփոխություններ նախաձեռնել ֆինանսական շուկայում։ Եվ պատահական չէ, որ Evocabank-ի նման նորարարական և դինամիկ բանկն իր պարտատոմսերի առաջին տրանշին զուգահեռ որոշել է անդամակցել մեզ և համատեղել ջանքերը՝ ֆինանսական շուկան որակապես նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։ Ընդ որում, Evocabank-ի մուտքը պարտատոմսերի շուկա նույնպես նորարարական լուծումով էր, ինչպես արդեն սովոր ենք տեսնել այս բանկի մնացած պրոդուկտների դեպքում»:

Evocabank-ը հանդիսանում է նաև Հայաստանի Բանկերի Միության (ՀԲՄ) անդամ:

Evocabank-ը Հայաստանի առաջին և միակ mobile-first բանկն է, որը մատուցում է արագ, պարզ ու նորարար ծառայություններ և առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Evocabank-ը 4-րդ տարին անընդմեջ ճանաչվում է Լավագույն թվային բանկը Հայաստանում՝ ըստ հեղինակավոր Global Finance ամսագրի: