Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Ապրիլի 8-ին Evocabank-ն առաջին անգամ ցուցակեց իր պարտատոմսերը Հայաստանի ֆոնդային բորսայում:
08.04.2021Բանկի ներկայացուցիչները Հայաստանի ֆոնդային բորսայում հնչեցրեցին ցուցակման զանգը՝ ազդարարելով Evocabank-ի պարտատոմսերի առաջին ցուցակումը։
Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանն իր խոսքում նշեց․ «Ուրախ ենք, որ մեր ներդրողների համար թողարկել ենք եկամտաբեր ֆինանսական նոր գործիք, որն այլընտրանք է դասական ավանդային պրոդուկտի նկատմամբ և ունի մի շարք առավելություններ: Մասնավորապես, պարտատոմսերից ստացվող եկամուտներն ազատված են եկամտային հարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից, ինչպես նաև դրանցով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափերով երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: Նշեմ նաև, որ առաջին անգամ Հայաստանում մեր պարտատոմսերը հնարավոր է եղել ձեռք բերել օնլայն տարբերակով՝ Բանկի EvocaTOUCH հավելվածի միջոցով»։
Evocabank-ի Ներդրումային գործառնությունների բաժնի ղեկավար Քրիստինա Վարդանյանը ավելացրեց, որ Բանկը շարունակաբար իրականացնելու է կորպորատիվ պարտատոմսերի թողարկումներ՝ նպաստելով ՀՀ կապիտալի շուկայի զարգացմանը, միաժամանակ շարունակելով նորարար թվային ներդրումային պրոդուկտների մշակումը և ներդրումը:
Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նորանոր հաջողություններ մաղթեց Բանկին արժեթղթերի շուկայում և նշեց․ «Ուրախալի է տեսնել, որ Evocabank-ը, լինելով բորսայի անդամ և շուկայի մասնակից, այսուհետև հանդես է գալիս նաև արժեթղթեր թողարկող։ Հաշվի առնելով կորպորատիվ պարտատոմսերի բարձր պահանջարկը՝ համոզված եմ, որ Բանկի պարտատոմսերի առևտուրը բորսայական հարթակում լինելու է շատ ակտիվ։ 2020թ.-ին ֆոնդային բորսայում կորպորատիվ պարտատոմսերի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ծավալը կազմել է 446 մլրդ դրամ՝ 106%-ով գերազանցելով 2019թ․ ցուցանիշը, իսկ առևտրի ծավալը կազմել է 32 մրդ դրամ, որը 8,5%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում առևտրի աճին նպաստող հանգամանքներից են հարկային բարելավումները։ Մինչև 2025թ․ Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերից, բանկերի դեպքում՝ 24 ամիս և ավելի մարման ժամկետ ունեցող պարտատոմսերից ստացվող տոկոսային եկամուտն ազատված է եկամտահարկից։ Ցուցակված կազմակերպությունների շահաբաժինները նույնպես չեն հարկվում թե՛ ռեզիդենտների և թե՛ ոչ ռեզիդենտների համար»։
Բանկի կողմից 2021թ․ մարտ ամսին թողարկված պարտատոմսերի հիմնական պայմաններն են.
Դոլարային տրանշ
Տարբերակիչ ծածկագիր - AMPROMB21ER4
Ցուցակման/Առևտրին թույլատրման ամսաթիվ - 08.04.2021
Թողարկման ծավալ - 5,000,000 ԱՄՆ դոլար
Անվանական արժեք - 100 ԱՄՆ դոլար
Արժեկտրոնի եկամտաբերություն - 5.5%
Մարման ամսաթիվ - 02.09.2023
Դրամային տրանշ
Տարբերակիչ ծածկագիր - AMPROMB22ER2
Ցուցակման/Առևտրին թույլատրման ամսաթիվ - 08.04.2021
Թողարկման ծավալ - 500,000,000 ՀՀ դրամ
Անվանական արժեք - 10,000 ՀՀ դրամ
Արժեկտրոնի եկամտաբերություն - 10%
Մարման ամսաթիվ - 02.09.2023
Evocabank-ը Հայաստանի առաջին և միակ mobile-first բանկն է, որը մատուցում է արագ, պարզ ու նորարար ծառայություններ և առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Evocabank-ը 4-րդ տարին անընդմեջ ճանաչվում է Լավագույն թվային բանկը Հայաստանում՝ ըստ հեղինակավոր Global Finance ամսագրի: