Evocabank-ն ու ՀայՓոստը սկսում են նոր համագործակցություն
Ընկերությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:
16.05.2022Evocabank-ի և ՀայՓոստի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ՀայՓոստ ընկերության Գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը և Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը:
Նոր համագործակցությամբ կողմերը նախատեսում են իրականացնել մի շարք նորարար թվային նախագծեր, որոնք ուղղված են ՀայՓոստի և Evocabank-ի հաճախորդներին հարմարավետ և հասանելի ֆինտեխ ծառայություններ մատուցելուն, այդ թվում` այն համայնքներում, որտեղ Evocabank-ը մասնաճյուղեր չունի:
Համագործակցության շնորհիվ ցանկացած փոստային բաժանմունքում շուտով հնարավոր կլինի իրականացնել Evocabank-ի վարկերի մարում, հաշիվների և քարտերի համալրում, իսկ ապագայում նաև՝ վարկային հայտերի ընդունում, համատեղ վարկերի տրամադրում ՀայՓոստ Կրեդիտ նախագծի շրջանակներում, ինչպես նաև՝ միջազգային դրամական փոխանցումներ: Բացի այդ, Evocabank-ի նորարար mobile POS տեխնոլոգիայի շնորհիվ հաճախորդները շուտով կկարողանան ՀայՓոստում իրականացնել վճարումներ անկանխիկ եղանակով՝ կոմունալ, կոմերցիոն և փոստային ծառայությունների դիմաց: Evoca mobile POS-ը ստանդարտ POS տերմինալի մոբայլ տարբերակն է, որը ցանկացած Android սմարթֆոն վերածում է վճարային տերմինալի:
Կողմերը նախատեսում են նաև պարզեցնել բանկային հաշիվների բացման գործընթացը HayPost Pay էլեկտրոնային դրամապանակի հաճախորդների համար:
Ինչպես նշում է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը,- «Որպես թվային բանկ` Evocabank-ը մշտապես ներդնում է նորարար ֆինտեխ գործիքներ` տրամադրելով համաշխարհային թրենդերին համապատասխանող լուծումներ:
Մեր օրերում մոբայլ բենքինգն ու ֆինտեխները յուրաքանչյուր ժամանակակից մարդու առօրյայի կարևոր մասն են կազմում: Այս նպատակով մենք ներկայացնում ենք նոր ֆինանսական գործիք՝ Evoca mobile POS՝ mPOS: Մեզ համար կարևոր է, որ Evoca mPOS պրուդուկտի շրջանակներում մեր առաջին գործընկերն այնպիսի խոշոր և ստրատեգիկ ընկերություն է, ինչպիսին ՀայՓոստն է: Այս գործընկերության շնորհիվ մեր ծառայություններն այսուհետ հասանելի կդառնան շուրջ 850 կետերում»:
«Շատ ուրախ ենք համագործակցել ՀՀ-ի լավագույն թվային բանկի հետ՝ շարունակելով զարգացնել մեր էկոհամակարգը: Ինչպես գիտենք՝ բանկային ծառայությունների նկատմամբ պահանջարկն օրեցօր աճում է, և ՀայՓոստի ու Evocabank-ի համագործակցությամբ այդ ծառայությունները մեր մեծաթիվ փոստային բաժանմունքների միջոցով կդարձնենք հասանելի նույնիսկ սահմանամերձ և հեռավոր համայնքների բնակիչների համար»,- նշեց ՀայՓոստի Գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը:
Նշենք, որ ՀայՓոստ ընկերությունը և Evocabank-ը նախատեսում են թողարկել համատեղ քարտեր: