Վերադառնալ
Բանկային

Երաշխավորված ավանդների սահմանաչափերի բարձրացում

ֆիզիկական անձանց բանկային ավանդները սկսած դեկտեմբերի 1-ից կերաշխավորվեն ավելի մեծ սահմանաչափերով։

19.11.2020
Երաշխավորված ավանդների սահմանաչափերի բարձրացում

Մասնավորապես՝ դեկտեմբերի 1-ից կգործեն ավանդների երաշխավորման նոր սահմանաչափեր`

  • Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 16 մլն դրամ է (նախկին 10 մլն-ի փոխարեն),
  • Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 7 մլն դրամ է (նախկին 5 մլն-ի փոխարեն),
  • Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը 7 մլն դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչև 16 մլն դրամով (նախկին 10 մլն-ի փոխարեն),
  • Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը պակաս է 7 մլն դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը` 7 մլն դրամի (նախկին 5 մլն-ի փոխարեն) և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:

Նոր սահմանաչափերը կտարածվեն նաև 2020թ․ դեկտեմբերի 1-ի դրությամբ գործող ավանդային պայմանագրերի վրա։

Հիշեցնենք, որ ավանդատուի` նույն բանկում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բացառությամբ՝ չերաշխավորված ավանդների, իսկ ավանդատուի` նույն բանկում ունեցած բոլոր արտարժութային ավանդները համարվում են մեկ ավանդ, բացառությամբ՝ չերաշխավորված ավանդների:

Եթե ավանդատուն ունի ավանդներ ՀՀ տարածքում գործող մի քանի բանկերում, ապա նրա ավանդները երաշխավորվում են յուրաքանչյուր բանկում`առավելագույն սահմանաչափով։

Ավանդների հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող Հիմնադրամը։

Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին օրենքի նպատակն է՝ նպաստել ՀՀ բանկային համակարգի հուսալիության, բանկային համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը և ապահովել ավանդատուների շահերի պաշտպանությունը: