Evoca-ն՝ տնտեսագիտական օլիմպիադայի գլխավոր գործընկեր
Օլիմպիադայի նպատակը Հայաստանում ֆինանսատնտեսական գրագիտության մակարդակի բարձրացումն է։
06.03.2024
Փետրվարի 27-ին Evocabank-ի վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը և Վարքագծային որոշումների կենտրոնի հիմնադիր Արամ Ղազարյանը կնքեցին համագործակցության հուշագիր, ըստ որի Բանկը նվիրաբերեց 10 մլն ՀՀ դրամ՝ դառնալով տնտեսագիտական օլիմպիադայի գլխավոր գործընկերը։
Տաթևիկ Խաչատրյանն իր խոսքում նշել է․
«Evoca-ում մենք մեծ կարևորություն ենք տալիս կրթությանն ու զարգացմանը։ Աջակցելով նմանատիպ նախաձեռնությունների՝ փորձում ենք խթանել երիտասարդների շրջանում տնտեսագիտության և ֆինանսների խորը ըմբռնումը, քանի որ նրանք են մեր երկրի տնտեսության զարգացման հիմքը»:
Evoca-ն պարբերաբար աջակցություն է ցուցաբերում նորագույն տեխնոլոգիաների զարգացման, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներին, որը համարվում է Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության անբաժանելի մասը։
Տնտեսագիտական օլիմպիադան ավելին է, քան պարզապես մրցույթ. սա աշակերտների ու ուսանողների համար հնարավորություն է խորացնելու իրենց ֆինանսական գիտելիքները, ընդլայնելու պատկերացումները տնտեսագիտության մասին, կապվելու ոլորտի փորձագետների հետ և օգտագործելու իրենց գիտելիքներն ու ունակությունները միջազգային ասպարեզում, ինչպես նաև ձեռք բերելու միանման հետաքրքրություններ ունեցող ընկերներ:
Օլիմպիադային կարող են մասնակցել ավագ դպրոցները, քոլեջները ու բոլոր այն ուսումնական հաստատությունները, որտեղ ուսանում են 10-12-րդ դասարանի աշակերտներ կամ նույն տարիքային խմբի ուսանողներ։
Տնտեսագիտական Օլիմպիադան անցկացվում է երեք փուլով` դպրոցական, հանրապետական և միջազգային: Օլիմպիադայի հանրապետական փուլը հաղթահարած մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցելու միջազգային փուլին, որը տեղի կունենա Հունաստանում։