Վերադառնալ
CSR

120 մլն դրամ նվիրաբերություն Fab Lab Armenia-ին

Նորարարություն, ժամանակակից տեխնոլոգիաներ, թվային նոր լուծումներ. «խելացի ապագա» ունենալու համար Evocabank-ի ներդրումները շարունակվում են։

22.11.2023
120 մլն դրամ նվիրաբերություն Fab Lab Armenia-ին

Նոյեմբերի 17-ին Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Հաջորդը՝ հիմա» խորագրով համաժողով, որի ընթացքում Evocabank-ն ու Fab Lab Հայաստանը կնքեցին համագործակցության պայմանագիր: Բանկը նվիրաբերեց ավելի քան 120 մլն ՀՀ դրամ՝ Fab Lab Հայաստանին՝ Հայաստանում նոր fab lab-եր բացելու նպատակով:

Կոնֆերանսին իրենց խոսքն ասացին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը, Learning Learning Architects ԳՏ և Fab Lab Հայաստանի խորհրդի անդամ Ժաքլին Կարաասլանյանը, ինչպես նաև Labster և UbiSim համագործակցությունների Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի տնօրեն Մալթ Սթեփսը:

Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը, ով Fab Lab Հայաստանի խորհրդի անդամ է, կոնֆերանսի պանելային քննարկման ժամանակ նշեց. «Բանկն ու Fab Lab-ն ունեն կրթության ապագայի նույն տեսլականը: Աջակցելով այս ծրագրին՝ մենք կկարողանանք ներդնել կրթության նոր ֆորմատ Հայաստանում, որի շրջանակներում կկարողանանք սովորեցնել երիտասարդներին՝ ինչպես փորձարկել ու իրականացնել իրենց ստեղծագործ գաղափարները»:

 

Ինչ է Fab lab-ը։

Fab Lab-ը (fabrication laboratory)՝ «խելացի» լաբորատորիա, ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի՝ MIT-ի ստեղծած արհեստանոց-լաբորատորիա է՝ հագեցած հատուկ սարքավորումներով և նյութերով, որոնք հնարավորություն են տալիս ստեղծել «գրեթե ամեն ինչ»՝ «համարյա ոչնչից»։ Fab lab-եր գործում են աշխարհի ավելի քան 34 երկրում՝ ԱՄՆ-ից մինչև Հարավային Աֆրիկա, Հնդկաստանից մինչև Նորվեգիա։

Fab Lab-երը հիմնականում գործում են որևէ կրթական հաստատությանը կից և հնարավորություն են տալիս ուսուցիչներին, արվեստագետներին, գիտնականներին, ուսանողներին, մասնագետներին, մտածողներին և հետաքրքրասերներին կատարել տարբեր հետազոտություններ, փորձարկել և կյանքի կոչել իրենց գաղափարները: Fab Lab-երում կատարվող աշխատանքները կապված են ոչ միայն տեխնոլոգիական նորարարությունների, այլև նոր բիզնես մոտեցումների, ռոբոտաշինության, դիզայնի, ճարտարապետության, գյուղատնտեսության և առողջապահության հետ։

Միանալով Fab lab-ի ցանցին՝ Հայաստանը դարձել է աշխարհի լավագույն տեխնիկական բուհի՝ MIT-ի միջազգային կրթական հսկա ցանցի անդամ և հնարավորություն է ստացել օգտվելու այն հմտություններից, գիտելիքից և փորձից, որոնք ստեղծվել են ցանցի անդամ լաբորատորիաներում: Սա նաև հնարավորություն է՝ ցուցադրելու Հայաստանի տաղանդը աշխարհին:

Լինելով նորարար թվային Բանկ՝ Evocabank-ը տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերել տարբեր նախաձեռնություններին` նորագույն տեխնոլոգիաների զարգացման, կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում: Սա մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր մասն է։