Նոր անտառ՝ հայկական դրամի 30-ամյակի առթիվ
Ապրիլի 29-ին տեղի ունեցավ մեծ ծառատունկ նոր անտառի ստեղծման համար, որին մասնակցում էին ՀՀ Կենտրոնական բանկը, Հայաստանի բանկերի միությունը և 18 առևտրային բանկերը:
02.05.2023ՀՀ Կենտրոնական բանկը, Հայաստանի բանկերի միությունը և բոլոր 18 առևտրային բանկերը, այդ թվում` Evocabank-ը «Իմ անտառ Հայաստանի» հետ համագործակցությամբ Հայկական դրամի 30-ամյակի առթիվ հիմնում են 50 հա նոր անտառ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար համայնքներում՝ տնկելով 160,000 ծառ։ Այսպիսով, ստեղծվող անտառը, որպես ապագային ու կյանքին ուղղված մնայուն արժեք, խորհրդանշելու է ազգային արժույթի հարատևությունը։
Նոր ստեղծվող անտառի 20 հեկտարը լինելու է Ջրաշեն 2-ում, ևս 30 հեկտարը՝ Ուրասարում։ Այս միջոցառումը ֆինանսաբանկային համակարգի կողմից մնայուն արժեքներ ստեղծելու, սոցիալական պատասխանատվության և բնության պահպանման բացառիկ դերի գնահատման լավագույն օրինակներից է:
Ծառատունկից հետո հյուրերն այցելեցին նաև «Իմ անտառ Հայաստան»-ի Գուգարքի «Պենժամին Գումուշճեան» տնկարան, որտեղ կարճ շրջայց կատարելուց հետո Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ՀԲՄ խորհրդի նախագահ Մհեր Անանյանը և «Իմ անտառ Հայաստան»-ի հիմնադիր տնօրեն Անտրէ Գումուշճեանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։
«Այսօր սկսում ենք Հայկական դրամի 30-ամյակին նվիրված միջոցառումները, որոնք տեղի կունենան 2023 թվականի ընթացքում։ Շատ խորհրդանշական է, որ առաջինը հենց ծառատունկի միջոցառումն է։ Կենտրոնական բանկը մեծապես կարևորում է մեր երկրի բնապահպանական խնդիրների լուծմանն աջակցությունը, և ուրախ ենք, որ սոցիալական պատասխանատվության շրջանակներում, առևտրային բանկերի և «Իմ անտառ Հայաստանի» ծրագրի հետ միասին, կարող ենք մեր նպաստումն ունենալ շրջակա միջավայրի բարելավմանը։ Միևնույն ժամանակ, մենք հավատարիմ ենք «կանաչ» օրակարգին և հնարավորինս ներդնում ենք այն նաև մեր առօրյա գործունեության և նույնիսկ ֆինանսական կարգավորման մեր մոտեցումներում»,- ասաց Մարտին Գալստյանը։
Անտառները մեծ դեր են խաղում մարդու կյանքի և երկրագնդի համար: Պատահական չէ, որ անտառները համարվում են մեր մոլորակի «թոքերը». 1 ժամում 1 հա անտառը արտադրում է 200 մարդու համար անհրաժեշտ թթվածին:
Մեզ համար առաջնային է պահպանել այն, ինչ ունենք և առաջին իսկ հնարավորության դեպքում ստեղծել նորը: Evocabank-ն այս անգամ ևս բաց չթողեց հնարավորությունը` իր փոքրիկ ներդրումն ունենալով նոր անտառի ստեղծմանը` դրանով իսկ փորձելով վերականգնել անտառային ռեսուրսները ավելի լավ ապագա կառուցելու համար: